Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ հնարավորություններ ունի հարթակը
Հարթակի օգնությամբ կարող եք՝
- Ուղարկել դիմում/հարցում/բողոք կամ այլ գրություն շուրջ 220 պետական մարմինների և ենթակա կառույցների
- Նամակ ներկայացնել և՛ Ձեր անունից և՛ կազմակերպության՝ հավաստելով, որ ունեք նման իրավասություն
- Հերթագրվել պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար
- Հետևել գործի ընթացքին հսկիչ համարի օգնությամբ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Ձեր գործով պատասխանատու կատարողի հետ
Ինչպե՞ս գրանցվեմ հարթակում
Հարթակում գրանցվելու անհրաժեշտ քայլերին կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել հարթակ
Համակարգ կարող եք մուտք գործել հետևյալ տարբերակներով՝
- Նույնականացման քարտով (անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ կարդացող սարք)
- Բջջային հեռախոսի օգնությամբ (անհրաժեշտ է նախապես ակտիվացնել mID ծառայությունը)
- Մուտքանուն/գաղտաբառի միջոցով
Ես ունեմ նույնականացման քարտ և քարտ կարդացող սարք: Ի՞նչ անել հետո:
Նույնականացման քարտով հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի կարգաբերումներ`
- Անհրաժեշտ է համակարգչում ունենալ CryptoCard Monitor ծրագիրը: (Ծրագրերի տեղադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով):
- Քարտ կարդացող սարքը միացնել համակարգչին
- Նույնականացման քարտը տեղադրել քարտ կարդացող սարքի մեջ Սպասել մինչ CryptoCard Monitor ծրագիրը հաղորդագրությամբ կհայտնի նույնականացման քարտի հավաստագրերը ընթերցելու վերաբերյալ: Եթե նույնականացման քարտն օգտագործում եք առաջին անգամ, ակտիվացման քայլերը կարող եք գտնել հետևյալ հղումով:
- Հարթակում սեղմել մուտք կոճակը
- Հավաքել PIN կոդը և պատրաստ է:
Ինչպե՞ս ձեռք բերեմ mID
Նախ՝ անհրաժեշտ է բջջային օպերատորից ձեռք բերել uSIM քարտ և տեղադրել բջջային հեռախոսում: Հետագա օգտագրոծման պայմանների և կարգաբերումների մասին տեղեկատվությունն ու օգտակար հղումները հասանելի են ԷԿԵՆԳ-ի կայքում:
Ի՞նչ տարբերություններ կան նամակի տեսակների մեջ և ինչպե՞ս հասկանամ՝ որ տեսակը պետք է ընտրել։
Բացի բովանդակային տարբերություններից, յուրաքանչյուր տեսակը ունի իրավական ակտերով հստակ սահմանված կառուցվածք, որը հարթակը ապահովում է։ Նամակի տեսակը ընտրելիս անհարժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով․
- Եթե փնտրում եք կամ ցանկանում եք ստանալ տեղեկություն տեղեկատվությունը տնօրինողից, ապա պետք է ընտրել «Հարցում» տարբերակը,
- Եթե ունեք հարց, որի լուծումը վերապահված է պետական մարմնին, ապա՝ «Դիմում»,
- Եթե գտնում եք, որ պետական մարմնի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իրավունքներ և ազատություններ, ապա՝ «Բողոք»,
- Այն դեպքում, երբ Ձեր նամակը ներկայացված նախորդ տարբերակների ձևաչափից դուրս է, կարող եք ընտրել «Այլ գրություն» տարբերակը։
Ի՞նչ կառույցներ են միացված հարթակին, որոնց կարող եմ դիմել։
Շուրջ 140 պետական մարմիններ և ենթակա կառույցներ հասանելի են հարթակում որպես հասցեատեր։ Մարմինների ցանկում են նախարարությունները, մարզպետարանները, տեսչական մարմինները, կոմիտեները, համալսարաններ, բժշկական հաստատություններ և այլն։
Ունեմ խնդիր, սակայն չգիտեմ, թե որ կառույցն է զբաղվում այդ հարցով, որպեսզի դիմեմ։ Ի՞նչ անել։
Նման դեպքերում խորհուրդ է տրվում նամակը ուղղել վարչապետի աշխատակազմ, որտեղից այն կվերահասցեագրվի տվյալ հարցի համար պատասխանատու մարմնին: Դուք կստանաք համապատասխան տեղեկացում:
Ինչպե՞ս նամակն ուղարկեմ կազմակերպության անունից։
- «Ուղարկել դիմում, բողոք, հարցում» բաժնում 2-րդ քայլում հարթակը առաջարկում է դիմելու երկու տարբերակ՝ ֆիզիկական անձի անունից կամ իրավաբանական անձի։ Այս քայլում անհրաժեշտ է ընտրել «Իրավաբանական անձ» կոճակը
- Հավաստել, որ իրավասու եք դիմել իրավաբանական անձի անունից
- Պատրաստել նամակը կամ կցել պատրաստի գրությունը
- Անհրաժեշտության դեպքում կցել այլ փաստաթղթեր
- Էլեկտորոնային ստորագրությամբ հաստատել նամակը և ուղարկել այն
Արդյո՞ք կարող եմ անմիջապես մեր կազմակերպության ձևաթղթով գրությունը ուղարկել պետական մարմիններին։
Այո, իրավաբանական անձի անունից գրություն ներկայացնելու դեպքում, նամակը պատրաստելու էջում նշում կատարելով «Գրությունը ներկայացվում է կազմակերպության ձևաթղթով» հատվածում՝ կառաջնա պատրաստի գրությունը կցելու հատվածը։
Գրությունը կարող եք կցել ինչպես արդեն իսկ ստորագրված տարբերակով այնպես էլ կցել գրությունը և ստորագրել այն վերջին՝ «Ստորագրել և ուղարկել» քայլում։
Ի՞նչ տվյալներ է անհրաժեշտ տրամադրել՝ նախքան նամակի բովանդակությունը շարադրելը։
Մինչ բուն նամակը գրելը՝ անհրաժեշտ է լրացնել Ձեր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն (կազմակերպության անունից դիմելու դեպքում՝ անվանումը և գտնվելու վայրը), քաղաքացիություն, փոստային հասցե, որով ցանկանում եք ստանալ նամակի պատասխանը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։ Նույնականացում անցնելու դեպքում՝ պետական շտեմարաններում առկա տվյալները լրացվում են ինքնաշխատ և ձեռքով լրացնելու անհրաժեշտություն չի առաջանում։
Ի՞նչ սկզբունով են հավաքագրվում իմ անձնական տվյալները և ինչպես են մշակվում դրանք հարթակի կողմից։
Հարթակի՝ անձնական տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ
այստեղ
Նամակը պատրաստել եմ, ինչպե՞ս կարող եմ ստորագրել
Ունենալով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն՝ նամակը կարող եք ստորագրել ընտրելով ստորագրման հետևյալ տարբերակներից՝
- Քարտով՝ eID Այս տարբերակով կարող եք նամակը ստորագրել առանց այն ներբերռնել-վերբեռնելու՝ անմիջապես հարթակում։ Ստորագրելու համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ Web PKI հավելվածը (առաջին անգամ ստորագրելու դեպքում հարթակը կուղղորդի ներբեռնելու անհրաժեշտ ծրագիրը)։ Նույնականացման քարտը տեղադրելով քարտ կարդացող սարքի մեջ և հավաքելով քարտի PIN կոդը՝ կարող եք ստորագրել նամակը և ուղարկել։
- Հեռախոսով՝ mID Բջջային նույնականացման քարտով ստորագրելու համար անհրաժեշտ է հավաքել հեռախոսահամարը, որը բաժանորդագրված է MoblieID ծառայությանը և սեղմել «Ուղարկել» կոճակը։ mID ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է վերևում։
- JsignPDF ծրագրով Ընտրելով այս կոճակը՝ հարթակը ներբեռնում է Ձեր նամակը՝ .pdf տարբերակով։ Համակարգչում ունենալով JsignPDF ծրագրիրը՝ անհրաժեշտ է ստորագրել ֆայլը և ապա այն վերբեռնել հարթակ։ Այս տարբերակով նամակը ստորագրելու համար օգտակար կարող է լինել հետևյալ տեսաուղեցույցը։
Ակտիվ էլեկտրոնային ստորագրություն չունեմ, կարո՞ղ եմ նամակը չստորագրված տարբերակով ուղարկել։
Այո, «Ստորագրել և ուղարկել» քայլում կարող եք ընտրել «Չստորագրել» կոճակը և ուղարկել նամակը առանց ստորագրելու, սակայն այս դեպքում մարմինը, ում ուղարկել եք նամակը կարող է ընթացք չտալ կամ պահանջել հավելյալ փաստաթղթեր, որպեսզի հավաստիանա, որ նամակ ուղարկողը ում անունից ներկայացել է հենց Դուք եք։
Նամակը հաջողությամբ ուղարկել եմ, ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ որ փուլում է։
Հարթակի միջոցով նամակը ուղարկելուց անմիջապես հետո Ձեզ տրամադրվել է հսկիչ համար։ Անհրաժեշտ է «Հետևել գործի ընթացքին» բաժնում հավաքել հսկիչ համարը և հարթակը ցույց կտա, Ձեր գործի վերաբերյալ տվյալներ։ Մասնավորապես՝ գրությունը, այն պետական մարմնի համակարգում մուտքագրման ամսաթիվը, նամակի կարգավիճակը, գործով զբաղվող աշխատակցի անուն, ազգանունը և կոնտակտային տվյալներ՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար։
Հսկիչ համարով ստուգման ժամանակ երևում է միայն «Ընթացքում է», ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս կարող եմ իմանալ պատասխանատուի տվյալները։
Երբ հսկիչ համարով որոնման արդյունքում հարթակը ցույց է տալիս գործի վերաբերյալ միայն «Ընթացքում է» տեղեկատվությունը, ապա նշանակում է, որ պետական մարմնի կողմից Ձեր նամակը դեռևս չի գրանցվել համակարգ։ Կարող եք քիչ հետո նորից փորձել, հենց այն գրանցվի համակարգում հարթակում անմիջապես կարող եք տեսնել պատասխանատուի տվյալները։
Ցանկանում եմ հանդիպել պետական պաշտոնյայի հետ, ինչպե՞ս հերթագրվեմ հարթակի օգնությամբ։
«Ամրագրել այց» բաժնում անհրաժեշտ է ընտրել հերթագրում «Հանդիպման» կոճակը և անցնել առաջ,
Անհրաժեշտ է լրացնել Ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
Ընտրել պետական մարմինը, ուր ցանկանում եք այցելել,
Առաջարկվող ցանկից ընտրել նախընտրելի պաշտոնատար անձին, ում հետ ցանկանում եք հանդիպել,
Հստակ ձևակերպել հարցը, որը պետք է քննարկվի պաշտոնյայի հետ,
Անհրաժեշտության դեպքում կցել փաստաթղթեր
Հավատել, որ ծանոթ եք այցելվող մարմնի քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգին (ընդունելության կարգերը հնարավոր է ներբեռնել անմիջապես հարթակից և ծանոթանալ նախքան հայտը ուղարկելը) և ուղարկել հանդիպման հայտը
Ինչո՞ւ է սահմանափակ նախընտրելի պաշտոնատար անձանց ցանկը։
Հարթակում ներկայացվում են քաղաքացիների ընդունելություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնյաները։ Պաշտոնների ցանկը սահմանվում է յուրաքանչյուր մարմնի կողմից՝ ընդունելության կազմակերպման կարգում։
Անհրաժե՞շտ է հանդիպման հայտը էլեկտրոնային ստորագրել։
Ոչ, հանդիպման հայտը ուղարկվում է առանց ստորագրելու, սակայն հայտի բավարարման դեպքում անհրաժեշտ է պետական մարմին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Հանդիպման հայտը հաջողությամբ ուղարկել եմ, ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ հաստատվել է թե ոչ։
Պետական մարմինը ուսումնասիրում է հանդիպման հայտը և որոշում՝ հաստատել կամ մերժել։ Որոշման մասին, ինչպես նաև հաստատվելու դեպքում՝ հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ Դուք ծանուցում կստանաք տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին։ Հանդիպման հայտի կարգավիճակը կարող եք ստուգել նաև «Հետևել գործի ընթացքին» բաժնում՝ հավաքելով տրամադրված հսկիչ համարը։